Հայտարարություն

ՀՀ ֆինանսների նախարարությունը մեկնարկում է նախարարին կից հասարակական խորհրդի ձևավորման գործընթաց: 

Խորհրդի առաջնահերթությունն է ապահովել նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցությունը, ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայրի ձևավորումը, ինչպես նաև մասնակցային կառավարումը խրախուսելու և շահառու խմբերին քաղաքականության մշակմանը մասնակցելու գործընթացին ներգրավումը:  

Մրցույթին կարող են մասնակցել՝ 

  1. ՀՀ-ում պետական գրանցում ունեցող այն ոչ պետական, ոչ առևտրային կազմակերպությունները (հասարակական միավորումներ, հիմնադրամներ կամ օրենքով նախատեսված այլ ձևերով կազմակերպություններ՝ բացառությամբ կուսակցությունների), որոնք գործունեություն են ծավալում նախարարության «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով նախատեսված հիմնական ոլորտներում, վերջին հինգ տարվա ընթացքում ունեն տվյալ ոլորտի առնվազն երեք տարվա գործունեության փորձ և այդ ժամանակահատվածում տվյալ ոլորտում իրականացրել են առնվազն երկու ծրագիր (այդ թվում՝ իրականացրել են փորձագիտական աշխատանքներ, մասնակցել են նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն), 
  2. ֆիզիկական անձինք, ովքեր գործունեություն են ծավալում նախարարության «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով նախատեսված հիմնական ոլորտներում, վերջին հինգ տարվա ընթացքում ունեն տվյալ ոլորտի առնվազն երեք տարվա մասնագիտական փորձառություն և այդ ժամանակահատվածում մասնակցել են տվյալ ոլորտում իրականացված առնվազն երկու ծրագրի (մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների, ներգրավված են եղել նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն)։ 

Համայնքներում գործող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից խորհրդի կազմում ընդգրկվելու հայտ կարող են ներկայացնել՝ 

  1. ՀՀ-ում պետական գրանցում ունեցող այն ոչ պետական, ոչ առևտրային կազմակերպությունները (հասարակական միավորումներ, հիմնադրամներ կամ օրենքով նախատեսված այլ ձևերով կազմակերպություններ՝ բացառությամբ կուսակցությունների), որոնց գտնվելու վայրի հասցեն ՀՀ-ի որևէ համայնքի տարածքում է, և տվյալ համայնքում կամ մարզում ծավալում են գործունեություն նախարարության «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով նախատեսված հիմնական ոլորտներում, ունեն տվյալ ոլորտի առնվազն երկու տարվա գործունեության փորձ (այդ թվում՝ իրականացրել են փորձագիտական աշխատանքներ, մասնակցել են նախարարության, մարզպետի աշխատակազմի կամ համայնքի կողմից ձևավորված, վերը նշված ոլորտներին վերաբերող, աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն), 
  2. ֆիզիկական անձինք, ովքեր հաշվառված են ՀՀ-ի որևէ համայնքում և տվյալ համայնքում կամ մարզում գործունեություն են ծավալում նախարարության «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով նախատեսված հիմնական ոլորտներում, ունեն տվյալ ոլորտի առնվազն երկու տարվա մասնագիտական փորձառություն (մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների, ներգրավված են եղել նախարարության, մարզպետի աշխատակազմի կամ համայնքի կողմից ձևավորված, վերը նշված ոլորտներին վերաբերող աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն)։

Խորհրդին անդամակցելու նամակ-հայտերը անհրաժեշտ է ուղարկել press@minfin.am էլեկտրոնային հասցեին: 

Հայտի մեջ անհրաժեշտ է նշել կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, համայնքը կամ մարզը, որտեղ ծավալվում է գործունեությունը, հիմնական ոլորտը, որում ունեն մասնագիտական փորձառություն և հայտատուի հայեցողությամբ այլ տեղեկություններ։ 

Հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել՝ 

  1. կազմակերպության պետական գրանցման վկայականի կամ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի միասնական գրանցամատյանից քաղվածքի պատճենը, կանոնադրության պատճենը, ֆիզիկական անձի անձնագրի պատճենը, հաշվառման հասցեն,
  2. կազմակերպության, ֆիզիկական անձի կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը),
  3. կազմակերպության այն հիմնական ներկայացուցչի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը), որը մասնակցելու է խորհրդի աշխատանքներին,
  4. կազմակերպության գործունեության փորձը կամ ֆիզիկական անձի մասնագիտական փորձառությունը, նախանշված ոլորտը և տվյալ ոլորտում գործունեություն ծավալելու ժամանակահատվածը հիմնավորող առկա փաստաթղթեր (պահանջվող տեղեկությունները կարող են պարունակել պայմանագիրը, հանձնման ընդունման ակտը, պետական մարմնից կամ միջազգային կազմակերպությունից ստացված պաշտոնական նամակը և այլն): 

Հայտերը կարող եք ներկայացնել մինչև սույն թվականի դեկտեմբերի 8-ը՝ ժամը 18:00-ը։ Ժամկետից ուշ ներկայացված և սահմանված ժամկետում թերությունները չվերացրած հայտերը ենթակա չեն դիտարկման:

Նախարարին կից հասարակական խորհրդի պատասխանատու պաշտոնատար անձն է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի մասնագետ Էլեն Աբգարյանը: Հարցերի դեպքում կամ լրացուցիչ մանրամասների համար կարող եք դիմել պատասխանատու պաշտոնատար անձին՝ զանգահարելով 011 800 325 հեռախոսահամարին։