Հայաստանի Երրորդ Հանրապետության ֆինանսների նախարարությունը ստեղծվել է Գերագույն խորհրդի 1990 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ: Մեր նորանկախ պետության առաջին ֆինանսների նախարարն է եղել Ջանիկ Ջանոյանը, ով նաև 15 տարի անընդմեջ զբաղեցրել էր Հայկական ԽՍՀ ֆինանսների նախարարի պաշտոնը:
Ըստ Երրորդ Հանրապետության սահմանադրության՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:
1997 թվականին, ՀՀ Նախագահի հունիսի 10-ի ՆՀ 747 հրամանագրով, ՀՀ ֆինանսների նախարարությունը վերակազմավորվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության:
1999 թվականին, ՀՀ Նախագահի հունիսի 15-ի ՆՀ 287 հրամանագրով, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը բաժանման ձևով վերակազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ֆինանսների նախարարության:
2000 թվականին, ՀՀ Նախագահի փետրվարի 28-ի ՆՀ 490 հրամանագրով, երկու նախարարությունները միաձուլման ձևով դարձյալ վերակազմակերպվել են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության:
2008 թվականի ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվել է ՀՀ ֆինանսների նախարարություն:
2014 թվականի ապրիլի 30-ին ՀՀ Նախագահի ՆՀ-97-Ն հրամանագրով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն վերակազմակերպվել է և միացել ՀՀ ֆինանսների նախարարությանը:
2016 թվականի մարտի 12-ին ՀՀ Նախագահի ՆՀ-213-Ն հրամանագրով ՀՀ ֆինանսների նախարարությունը վերակազմակերպվել է, ինչի արդյունքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն առանձնացել է նախարարությունից:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարներն են եղել` Ջանիկ Ջանոյանը (18.09.1990-16.02.1993), Լևոն Բարխուդարյանը (1993-1997, 15.06.1999-11.11.2000), Արմեն Դարբինյանը (15.05.1997-10.04.1998), Էդվարդ Սանդոյանը (20.04.1998-15.06.1999), Վարդան Խաչատրյանը (11.11.2000-09.04.2008), Տիգրան Դավթյանը (21.04.2008-17.12.2010), Վաչե Գաբրիելյանը (17.12.2010-09.04.2013), Դավիթ Սարգսյանը (09.05.2013-26.04.2014), Գագիկ Խաչատրյանը (26.04.2014-20.09.2016), Վարդան Արամյանը (20.09.2016-12.05.2018), Ատոմ Ջանջուղազյանը (12.05.2018- 03.08.2021), Տիգրան Խաչատրյանը (03.08.2021-19.12.2022):
2022 թվականի դեկտեմբերի 20-ին ՀՀ ֆինանսների նախարար է նշանակվել Վահե Հովհաննիսյանը: