Մասնակցային բյուջետավորում 2026
Մասնակցային բյուջետավորումը համայնքային կառավարման կարևոր գործիք է, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին անմիջականորեն մասնակցելու իրենց համայնքի զարգացմանն ուղղված որոշումների կայացմանը։ Այս գործընթացի միջոցով բնակիչները կարող են առաջարկել ծրագրեր, մասնակցել դրանց քննարկմանը և քվեարկության միջոցով որոշել, թե որ նախաձեռնություններն են իրականացվելու պետական համաֆինանսավորմամբ։
Մասնակցային բյուջետավորման գործընթացը ներառում է հետևյալ հիմնական փուլերը՝
- առաջարկ-նախագծերի ներկայացում քաղաքացիների կողմից,
- առաջարկների հրապարակում և հանրային քննարկում,
- քվեարկություն,
- ընտրված առաջարկների հիման վրա ծրագրերի ձևավորում,
- պետական համաֆինանսավորման (սուբվենցիայի) հայտերի ներկայացում,
- ծրագրերի ֆինանսավորում և իրականացում։
Այս մոտեցումը ապահովում է առավել թափանցիկ և ներառական համայնքային կառավարում։
Մասնակցային բյուջետավորում 2026-ի առանձնահատկությունները.
2026 թվականին մասնակցային բյուջետավորումը իրականացվում է ընդլայնված և կատարելագործված ձևաչափով՝
- Ֆինանսավորում
Պետական բյուջեով նախատեսվել է շուրջ 2.0 մլրդ դրամ՝ համայնքներում քաղաքացիների կողմից ընտրված ծրագրերի իրականացման համար։
Մասնակից համայնքներ
Ծրագրին մասնակցում են 52 համայնքներ, որոնք ընտրվել են՝ հաշվի առնելով նախորդ տարիներին մասնակցային բյուջետավորման իրականացման փորձը։
Քվեարկության կարգ.
Քաղաքացիների մասնակցությունն առավել նպատակային կազմակերպելու համար սահմանված են հետևյալ կանոնները՝
- յուրաքանչյուր քաղաքացի կարող է քվեարկել մինչև 3 առաջարկի օգտին, եթե դրանք վերաբերում են տարբեր բնակավայրերի,
- նույն բնակավայրի համար հնարավոր է ընտրել միայն մեկ առաջարկ,
- սահմանված են նվազագույն քվեների շեմեր՝ կախված բնակավայրի բնակչության թվից (մինչև 5000 բնակիչ ունեցող բնակավայրերի դեպքում՝ առնվազն 1%, իսկ 5000-ից ավելի բնակչություն ունեցող բնակավայրերի դեպքում՝ 2%)։
Ժամկետներ.
Գործընթացը սկսվում է նախորդ տարվա ընթացքում՝ համայնքի բյուջետային պլանավորման փուլին զուգահեռ։ Սուբվենցիայի հայտերի ներկայացման վերջնաժամկետը սահմանված է մինչև մարտի 16-ը, ինչը հնարավորություն է տալիս ծրագրերի իրականացման համար ունենալ ավելի երկար ժամանակահատված։
Ծրագրերի իրականացում և վերահսկում.
- պետական ֆինանսավորումը տրամադրվում է համայնքի համաֆինանսավորման ապահովումից հետո,
- սահմանված են ծրագրերի իրականացման, մշտադիտարկման և հաշվետվության հստակ պահանջներ,
- չավարտված, սակայն առնվազն 70%-ով իրականացված ծրագրերի դեպքում հնարավոր է ստանալ ամբողջական ֆինանսավորում և ավարտել ծրագիրը՝ սահմանված ժամկետի առավելագույնը 6 ամսով երկարաձգմամբ,
- վերջնաժամկետի դրությամբ չօգտագործված միջոցները ենթակա են վերադարձման պետական բյուջե։
Ինչու՞ է սա կարևոր.
Մասնակցային բյուջետավորումը՝
- խթանում է քաղաքացիների ակտիվ մասնակցությունը,
- բարձրացնում է համայնքային կառավարման թափանցիկությունը,
- ապահովում է հանրային միջոցների արդյունավետ օգտագործումը,
- նպաստում է համայնքների կայուն զարգացմանը։
Իրավական հիմք.
Մասնակցային բյուջետավորման գործընթացը կարգավորվում է ՀՀ Կառավարության՝ 2023 թվականի նոյեմբերի 2-ի N 1890-Ն որոշմամբ՝ ներառյալ դրանում կատարված վերջին փոփոխությունները և լրացումները։
Լուրերի անդրադարձը մասնակցային բյուջետավորման գործընթացում տեղի ունեցած վերջին բարեփոխումներին՝ այստեղ: